Բոլորովին վերջերս ՍԱՄՎԵԼ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ (Սամվել Սպիունի) արվեստասեր հանրության դատին հանձնեց ուսուցչին` Ռոման Բալայանին նվիրված «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» ֆիլմի հայկական տարբերակը:
Ընկերները վկայում են, որ Սամվել Սարիբեկյանը Ռոման Բալայանին Հայաստանի հետ կապող երկրորդ կամուրջն էր Հրանտ Մաթևոսյանից հետո: «Սամվելի հետ մտերմությունից հետո Ռոմանի այցելություններն ավելի հաճախակի դարձան,- պատմում է գրող Վանուշ Շերմազանյանը:- 90-ականների սկզբին, երբ Ստեփանակերտը ռմբակոծվում էր, մարդիկ ներքնահարկերում էին մնում, Սամվելի հորդորով Բալայանի «Լեդի Մակբեթի» (ըստ Լեսկովի) պրեմիերան կայացավ իր ծննդավայրում: Մարդիկ դուրս էին գալիս թաքստոցից, նայում էին ֆիլմը, նորից վերադառնում ներքնահարկեր: Անվանի ռեժիսորի ներկայությունը տոն էր քաղաքի համար»:
Սամվել Սպիունին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում, այնուհետև ավարտել է ԽՍՀՄ պետկինոյի սցենարական և ռեժիսորական երկամյա բարձրագույն դասընթացները: Փարաջանովը նրան անվանել է «հայ ամենահանճարեղ չնկարահանող ռեժիսոր»:
Մեր զրույցը Սամվել Սարիբեկյանի հետ Ռոման Բալայանին նվիրված ֆիլմի, մշակութային կյանքում առկա խնդիրների, իր` ռեժիսորի ստեղծագործական որոնումների, նաև դադարի մասին է:
-«Վերջին շրջանում ես սկսել եմ կյանքին ավելի լուրջ վերաբերվել, քան կինոյին, որը նկարում եմ, այնպես որ, այսօր ինձ համար ավելի կարևոր է, թե ես ինչ մարդ եմ, քան ինչպիսի ռեժիսոր»: Սրանք Ռոման Բալայանի խոսքերն են: Ձեր ֆիլմում կա՞ այդ տարանջատումը` ինչպիսին է Ռոման Բալայանը ֆիլմ նկարահանելիս և կյանքում:
-Ֆիլմը սկսվում է Ռոման Բալայանի հետևյալ խոսքերով` «Ինձ համար իսկական մտավորական լինելը նշանակում է հիշել, որ երբ դու լավ ես զգում, մեկ ուրիշը, միգուցե, վատ է զգում, հարկավոր է գոնե ենթադրել, որ այդպես կարող է լինել»: Նրա հերոսները այդպիսի մարդիկ են: Ես այդ ասույթով ամբողջ նրա ստեղծագործության մասին եմ խոսել, իսկ ֆիլմի վերջին` յոթերորդ մասում` նրա մարդ-տեսակի մասին:
-Թատերագետ Նատալյա Ստարոսելսկայան նկատում է, որ խորհրդային ժամանակներում պետք է արի լինեին, ուժեղ, իսկ նրա ֆիլմերում շատ է քնքշանքը: Ի՞նչ կասեք այս դիտարկման մասին:
-Դա Ռոմանի խառնվածքից է, նա բարի մարդ է: Ես ուրիշ կերպ կասեի. նրա ֆիլմերում հոգատարություն կա: Պատահական չէ, որ Փարաջանովի այրին ասում է ` Ռոման Բալայանը մեզ համար Սանտա Կլաուս է: Ես Ռոման Բալայանի աշակերտն եմ, բայց, ամենայն անկեղծությամբ եմ ասում, նրա մոտ կինո նկարահանել չեմ սովորել, ես նրան հետևում էի որպես ավագ եղբոր: Ինձ համար օրինակելի էին ավելի շատ նրա մարդկային որակները, չափազանց հանդուրժողականությունը, ներելու ունակությունը, ինչը առկա է նաև նրա ֆիլմերում: Իզուր չէ, որ Չեխովին հաճախ է անդրադառնում:
-Ինչպես Ձեր ֆիլմում է ասվում` Աստված չանի վերադառնան այն ժամանակները, երբ ճշմարտությունը վտանգված էր: Կարծում եք` մեր ժամանակներում վտանգված չէ՞ ճշմարտությունը:
-Այն ժամանակ տաղանդավոր մարդիկ ճշմարտությունը տողատակերում էին ասում: Օրինակ, Տարկովսկու «Ստալկեր» ֆիլմը հակասովետական ֆիլմ էր, բայց քանի որ ֆանտաստիկայի ժանրում էր, չարգելեցին: Այսօր ճշմարտությունը վտանգված է այնքան, որ ոչ ոք ճշմարիտ խոսքը բանի տեղ չի դնում:
-Ասում են` Ռոման Բալայանը «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմից հետո արթնացավ հայտնի: Այսօր ի՞նչ է պետք անել` ճանաչում ձեռք բերելու համար:
-Հայտնի` նայած ինչ տեսանկյունից: Ես մեկ օրում, մեկ րոպեում կարող եմ հայտնի դառնալ: Բայց եթե հայտնիությունը պետք է վիտամին ակումբների սկեչի մակարդակի լինի, ավելի լավ է անհայտ էլ մեռնեմ: Հիմա ով չի ալարում, ինչ-որ բան է նկարահանում, անունը դնում է կինո, ով չի ալարում, ռեժիսոր է դառնում, դերասան, խոհանոցում ճաշ է եփում ու հեռուստատեսությամբ մեզ հրամցնում է: Ապշում եմ, երբ 17 տարեկան աղջնակն ասում է` ես որպես արվեստագետ: Արվեստի գիտակ որակումը միայն հանդիսատեսը, էսթետ ժողովուրդն է տալիս: Ես, իմ ընկերները, որ մի քանի կրթություն ունենք, կենսափորձ, երբեք չենք ասում` մենք` արվեստագետներս: Ես ինձ համարում եմ արվեստի մշակ: Արվեստն ինձ համար բացարձակ տեսակետ է, մշակույթը՝ յուրահատուկ տեսակետ, ռաբիսն էլ, որ կերել է և՛ մշակույթը, և՛ արվեստը, տեսակետ է: Երբ արվեստի մարդն իջնում է տեսակետի մակարդակի, դա արդեն էթնոսի համար է վտանգավոր: Խորհրդային տարիներին ո՞ր ռաբիս երգչին թույլ կտային օպերային թատրոնի ճեմասրահում մի երկու րոպե կանգնել, ներկայանալ, հիմա օպերային թատրոնի դահլիճում կարող ես ռաբիս էլ երգել, «գյուլաշ էլ կպնել»:
Վերադառնամ Ձեր հարցին. ես փառամոլությամբ երբեք չեմ տառապել: Ովքեր ինձ ճանաչում են, բավարար է: Ինչո՞ւ ոչ, ես լավ էլ հայտնի եմ:
-Փարաջանովը «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմի առիթով Ռոման Բալայանին ասել է` դու ֆիլմ ես նկարել քո մասին: Հետաքրքիր է` ռեժիսորը համաձայնե՞լ է այս դիտարկմանը:
-Ռոման Բալայանը միշտ խուսափում է այդ հարցին պատասխանելուց: Հերոսը Ռոմային նմանություն ունի, բայց դա ավելի շուտ հավաքական կերպար է: Երբ կինն ուզում է ամուսնուն հունից հանել, ասում է` երեխան քոնը չէ: Ֆիլմում կա նման տեսարան, ու հերոսի արձագանքը, պահվածքը հիշեցնում են հայկական մենթալիտետը: Կամ՝ ֆիլմի վերջին դրվագում գլխավոր հերոսը փակվում է մի խուրձ չոր խոտի մեջ, կծկվելով սաղմի դիրք է ընդունում, հեծկլտում է` վերածննդի հույսով: Ինձ համար այն զուգորդվում է Փոքր Մհերի Ագռավաքարում փակվելու հետ: Իհարկե, շեղվելով թեմայից ասեմ, որ Փոքր Մհերն ազգիս համար ուղենիշ լինել չի կարող, ինձ համար ուղենիշ են Սանասարը, Մեծ Մհերը և Դավթի երրորդ զարկը՝ ոչ առաջինն ու երկրորդը:
-Ֆիլմի պրեմիերայի ժամանակ ասացիք, որ որոշ կադրեր դրանում տեղ չեն գտել, ինչի համար ափսոսում եք: Ինչի՞ մասին էր խոսքը:
-Այո, ֆիլմում իմ ասելիքը շատ ավելի ամբողջական կլիներ, եթե այդ դրվագները լինեին: Ստեփանակերտում 89-ին մենք նկարահանեցինք Բալայանի հայրական տունը, վրանները, սովետական տանկերը: Բալայանն այդ ժամանակ շատ հայտնի էր ԽՍՀՄ-ում որպես ռեժիսոր, նրան մեծարում էին, իսկ նրա տունը օկուպացված էր, սովետական բանակը, շատ մեղմ ասած, ճնշում էր ժողովրդական շարժումը: Մենք նկարահանել էինք, թե ինչպես էր Ռոման Բալայանը նայում այդ ամենին, նրա այցելությունը հարազատների շիրիմներին և այլն: Պատվիրակություն եկավ Երևանից, որտեղ ԽՍՀՄ դեպուտատներ կային, այդ թվում` Սոս Սարգսյանը, Սարգիս Մուրադյանը, Զորի Բալայանը: Քանի որ Բալայանը շտապում էր, խնդրեց, որ մեզ էլ տեղ հատկացնեն օդանավում (մեքենայի ճանապարհը շատ դժվարանց էր այդ տարիներին): Իմ ընկերը` օպերատոր Գագիկ Սիմոնյանը, թաքուն շարունակում էր տեսագրել, ես փորձում էի քողարկել, բայց խորհրդային սպաները նկատեցին ու պահանջեցին ոչնչացնել ժապավենը: Զորի Բալայանը ժապավենը վերցրեց, տրորեց ոտքի տակ ու անիծեց սպային, ասաց` այն, ինչ արեցիք մեր նկատմամբ, ձեր նկատմամբ էլ անեն: Ճիշտ է, այդ անեծքը կատարվեց (մի քանի տարի հետո սկսվեց Չեչնիայի հետ պատերազմը), բայց ես կորցրի իմ նկարահանած լավագույն ժապավենը: Երկրորդը Ռոման Բալայանի դիպլոմային աշխատանքն է, որ կոչվում է «Գողը»: Մի որբ երեխայի մասին է, որ գնում է գյուղի կովի պտուկներից թաքուն կաթ է ուտում: Գյուղացիները նկատում են ու երեխային գյուղից վտարում: Երեխան նստած լաց է լինում, կովերը ապստամբում են տերերի դեմ, փախչում գյուղից, գտնում երեխային, շրջապատում, հրեշտակները տաշտակ են իջեցնում, երեխային դնում մեջը, կովերն առանց մարդու օգնության կաթը լցնում են տաշտակի մեջ, երեխան լողանում է և ուտում կաթը: Ֆիլմի մասին մեզ պատմել է Փարաջանովը, բայց Բալայանը երբեք ցույց չէր տալիս, ասում էր, որ այդ ժամանակ չափազանց ազդված էր Փարաջանովի ֆիլմերից:
Ես շատ եմ ցավում «Գոմեշի» համար, որ այդպես էլ չնկարահանվեց: Հրանտ Մաթևոսյանը սցենարը չգրեց այնպես, ինչպես Ռոմանն էր տեսնում ֆիլմը: Իսկ Ռոմանը չցանկացավ իր տարբերակով նկարել, որ չնեղացնի Մաթևոսյանին: Նրա բնորոշմամբ` դա «Հայկական Աստվածաշունչ» էր լինելու: Գոմեշը դեգերում էր ամբողջ Հայաստանով մեկ ու «Գոմեշի» աչքերով տեսնելու էինք Հայաստանը, հայ հողը, հայ մարդուն: Նույնիսկ ճապոնացիների հետ պայմանավորվել էր, ռոբոտ էր պատվիրել, որովհետև կարևորը գոմեշի ամենատես աչքերն էին լինելու:
-Ռոման Բալայանը հավանե՞լ է «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» ֆիլմը:
-Նա տեսել է ռուսերեն տարբերակը, հայկական տարբերակը ամբողջական է: Երբ Ռուսաստանում պետք է ցուցադրվեր, ինձ լուր բերեցին (չգիտեմ՝ որքանով էր հավաստի), որ ՈՒկրաինային և Ղարաբաղին վերաբերող հատվածները հետաքրքիր չեն իրենց լսարանի համար: ՈՒզում էին, որ Ռոման Բալայանի մասին միայն մոսկովյան հայտնի կինոգործիչներն իրենց տպավորությունները փոխանցեն: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, երբ Բալայանը Հայաստան ժամանի, մենք անպայման կկազմակերպենք ֆիլմի ամբողջական տարբերակի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում: Տեխնիկական խնդիրների պատճառով ֆիլմի ռուսերեն տարբերակի պրեմիերան չկայացավ Ստեփանակերտում: Այս տարի արցախցիները կտեսնեն հայերեն տարբերակը, որն ավելի լիարժեք է:
-Ռոման Բալայանը մի առիթով ասել է. «Սրտով հայ եմ, էությամբ՝ ՈՒկրաինայի քաղաքացի»: Այս երկվությունն ի՞նչ ազդեցություն է ունեցել ռեժիսորի ձեռագրի վրա, գուցե բոլորովին ուրի՞շ ֆիլմ կնկարահանե՞ր, եթե ապրեր ու գործեր Հայաստանում:
-Ի՞նչ իմանանք՝ կստեղծե՞ր, թե՞ ոչ: Հայաստանում շատ դժվար է դա պատկերացնել: Խորհրդային տարիներին միջակությունները հորինել էին «տաշած քարը գետնին չի մնա» արտահայտությունը, որը զարհուրելի սուտ է: Ասես, տաշած քարը կարող է ինքն իրեն թևեր առնել, գնալ: Լավ էլ գետնին է մնում: Այդ տարիներին «տաշած քարեր» կային, որ ստիպված կոմունիստական կուսակցության շարքերն էին ընդունվում, որ իրենց հարթակ տրամադրեն: Ոմանք էլ պարզապես գետնին էին մնում` կուսակցության շարքերը չանցնելու պատճառով: Ֆիլմում նշվում է, որ Ռոման Բալայանի առաջարկած նախագծերը Հայաստանում մերժել են: «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմի նկարահանումից հետո առաջարկներ է ստացել, բայց արդեն ինքն է մերժել հայ գործընկերներին:
-Մի փոքր էլ Ձեր մասին պատմեք: Փարաջանովը Ձեզ բնորոշել է որպես «Ամենահանճարեղ չնկարահանող ռեժիսոր»: Ինչո՞վ էր պայմանավորված ստեղծագործական երկարատև դադարը:
-Անկախությունից հետո մոտ քսան տարի գեղարվեստական ֆիլմի ժամանակաշրջան չէր Հայաստանում: Վավերագրական կինոյի հսկա նյութ կար: Ես խաղարկային ֆիլմի ռեժիսոր եմ: «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» ֆիլմը բացառություն է: Շուտով հանդիսատեսի դատին կհանձնեմ «Դեղին անձրև մորս ցնորքով» կարճամետրաժ ֆիլմը: Կիսախաղարկային ֆիլմի նախագիծ ունեմ՝ Վահան Թեքեյանի զարմիկ Շառլ-Տիրան Թեքեյանի հուշերով: Նա ծովային սպա է եղել ֆրանսիական նավատորմում, երբ ահազանգ են ստացել, որ Մուսա լեռան հայերը օգնություն են խնդրում, դիմել է ղեկավարությանը, և օգնության են մեկնել: Հուշերը ֆրանսերենից թարգմանել է Գրիգոր Ջանիկյանը: Սցենարը գրել ենք Հրաչյա Բեյլերյանի հետ: Հրաչի հետ մի սցենար էլ ունենք Լևոն Խեչոյանի պատմվածքների հիման վրա: Հոգեբանական դրամա է, կրակոց չկա, սիրո պատմություն է, հետպատերազմյան իրականություն, մերժվածություն:
-Պետական աջակցություն ասվածից Ձեր նախագծերին բաժին չի՞ հասնում:
-Լևոն Խեչոյանի բնորոշմամբ` մենք մերժվածներ ենք այս ղեկավարության համար: Բալայանի ֆիլմի համար պետությունը մեկ լումայով անգամ չի աջակցել, բայց երբ գալիս է Հայաստան, բարձր մակարդակի ընդունելություն են կազմակերպում: Ֆիլմի նկարահանմանը, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից սկսած, ոչ ոք ձեռք չմեկնեց: Եվ լավ է, որովհետև սա իմ և իմ ընկերների նվերն է Բալայանի 70-ամյակին:
-Իսկ մինչ դադարը Ձեզ ո՞ր ֆիլմով են ճանաչել:
-Կուրսային աշխատանքներով` «Էքստրեմիստ», «Ձենով Օհան»: Փարաջանովը տեսել է այդ ֆիլմերը: Երբ սկսվեց շարժումը, մենք ընկերներով Մոսկվայից վերադարձանք Հայաստան: Իսկ Մոսկվայում ժապավենները ոչնչացրել էին, քանի որ ես անկախություն պահանջող երկրի ներկայացուցիչ էի:
Ասեմ նաև, որ 2007-ին 25 տարվա ընդմիջումից հետո ներկայացում բեմադրեցի լեհ հայտնի գրող-երգիծաբան Սլավոմիր Մրոժեկի «Բաց ծովում» պիեսի հիման վրա: Ներկայացումը կոչվում էր «Ափ չի երևում»: Հայաստանում Լեհաստանի դեսպանի հովանավորությամբ ներկայացումը տեղի ունեցավ Երևանում, Գյումրիում: 2008-ի հայտնի դեպքերից հետո այն այլևս բեմ չբարձրացավ: Ցավոք, մեր երկրում մինչև հիմա էլ «ափ չի երևում», ինչը ինձ համար մեծ ողբերգություն է: Ես էլ եմ պատասխանատու Ղարաբաղյան շարժման և պատերազմի ժամանակ նահատակված իմ ընկերների առաջ, և այդ պատասխանատվությունն ինձ հանգիստ չի տալիս: Ցավոք, նորից «ափ չի երևում»: Շուրջ քառորդ դար իմ սերունդը «ափ է փնտրում»: Որպեսզի մեր զրույցը բացասական նոտայով չավարտվի, եզրափակեմ այսպես. ես այսուհետ ապավինում եմ երիտասարդ սերնդին: Նա «ափ կկերտի»:
Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ